Ադրբեջանում նախագահական ընտրություններ որպես այդպիսին չկային, ամեն ինչ բեմականացված էր, նախապես կանխորոշված: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ ապրիլի 11-ին կայացած ընտրություններում Իլհամ Ալիևի կողմից 86 տոկոս քվե հավաքելը սպասելի էր:
«Այս արդյունքը կանխատեսելի էր, առհասարակ զավեշտալի կլիներ, եթե Ալիևն ավելի ցածր ցուցանիշ ունենար: Բացարձակ մրցակցության բացակայութան պայմաններում Ադրբեջանի նախագահական ընտրությունները վերածվեցին շինծու հանրաքվեի: Ինչ վերաբերվում է ընդդիմախոսներին, ապա բոլորը բացարձակ կշիռ չունեցող գործիչներ էին»,-ասաց Անժելա Էլիբեգովան:
Նրա խոսքով, ընտրությունների օրվա փոփոխմամբ Ալիևը կարողացավ ճիշտ հաշվարկներով հասնել իր ծրագրածին: Մասնավորապես, օրվա փոփոխմամբ ընդդիմությունը զրկվեց համախմբվելու, պատրաստվելու հնարավորություններից: Եթե այլ դեպքում ընդդիմությունը կարող էր իրական խնդիրներ ստեղծել Ալիևի համար, ապա ընտրությունների օրվա փոփոխությունից հետո այդ հնարավորությունից զրկվեց: Անժելա Էլիբեգովան նշեց, որ ընդդիմությունը երկու ձևական ցույց արեց, որը խնդիր չլուծեց:
«Ընտրությունների օրվա փոփոխման պատճառներից մեկն էլ ներիշխանական խնդիրներն էին: Որոշ սրվածություն կար, և աշնանը նախատեսված ընտրությունների ժամանակ Ալիևի համար խնդիրներ կստեղծվեին: Այժմ խոսվում է այն մասին, որ Ալիևը համակարգում փոփոխություններ է կատարելու: Նախատեսում է հրաժարվել իր հոր ժամանակվանից մնացած կադրերից` բերելով երիտասարդ մասնագետների»,-ասաց նա