Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների արձակած կրակից ապրիլի 12-ի երեկոյան վնասվել է «Սպայկա» ընկերության բեռնատարի դիմապակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 22:30-ի կողմերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում: Մեքենան ընթացքի մեջ է եղել, մոտ տարածություն է այդտեղ, արդյունավետ կրակ են կարողանում վարել, հակառակորդի հենակետը մոտ 500-600 մետր հեռավորության վրա է միջպետական ճանապարհից: Կրակել են «Սպայկա» ընկերության բեռնատարի վրա, ապակին է վնասվել, վարորդին ոչինչ չի պատահել: Վարորդը եկել, գյուղում կանգնել է, հետո ճանապարհը շարունակել»,-ասաց Նարեկ Սահակյանը: Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, չեն կրակել:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ սահմանամերձ մյուս համայնքներում ևս գիշերը հանգիստ է եղել: