ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 16-ին հանդիպել է ռուս հրապարակախոս, «Ռազմավարական հետազոտությունների լաբորատորիա» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովի և Պավել Ֆլորենսկու տուն-թանգարանի տնօրեն Մարիա Տիխոնովայի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ տեղեկատվական բաժինը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին Ստեփանակերտում կայացած ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ Պավել Ֆլորենսկու հիշատակին նվիրված «Քաղաքակրթությունը և մարդը» խորագրով միջոցառմանը: Նշենք, որ հայկական արմատներ ունեցող Պավել Ֆլորենսկին (ծագումով Ղարաբաղից) անջնջելի հետք է թողել ռուսական փիլիսոփայական մտքի և աստվածաբանական ոլորտի զարգացման վրա, նրան անվանել են ռուսական դա Վինչի:
Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ նախաձեռնողները միջոցառման անցկացման վայր են ընտրել Արցախը: Նա հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները և փոխայցերը հաճախակի կլինեն, ինչն ազդակ կհանդիսանա դեպի Արցախ այցերի ակտիվացման, մարդասիրական կապերի ընդլայնման ու խորացման, Արցախի միջազգայնացման համար:
Նախաձեռնության հեղինակ Դենիս Դվորնիկովի համոզմամբ՝ այս նախագիծը կնպաստի, որպեսզի Արցախում բովանդակալից քննարկումներ ծավալվեն տարբեր երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների միջև: Մարիա Տիխոնովան կարևորել է Արցախում Պավել Ֆլորենսկու հուշարձանի բացումը:
Կարևորվել են արցախցի և ռուս ուսանողների պարբերական փոխայցերը, ինչը կնպաստի փիլիսոփայության, բանասիրության, պատմության, քաղաքագիտության և մի շարք այլ հարցերում փորձի փոխանակմանը և ճանաչողությանը: