Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մայիսի 7-ին իրականցնելու է «Հերոսների հետքերով» հայրենասիրական դաս-արշավ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ, ԱՀ ՊԲ կազմավորման և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձներին, հայտնում է «Արցախպրես»-ը
Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբասաշրջության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Անի Կապլանյանը նշել է, որ երիտասարդներն արշավով կանցնեն այն նույն չորս ուղղություններով, որոնցով ազատագրվել է Շուշին՝ արևելյան՝ Շոշ-Շուշի, կենտրոնական՝ Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղի, արևմտյան՝ Կրկժան-Շուշի և հյուսիսային՝ Քիրսավան-Շուշի:
Շուշի հասնելուց հետո բերդաքաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակիցները կպարզեն եռագույնը, այնուհետև տեղի կունենա շուրջպար, որից հետո երիտասարդները կստանան հոգևոր հոր օրհնությունը:
«Եկեղեցում մոմավառությունից հետո արշավի մասնակիցներն ավտոմեքենաներով կտեղափոխվեն Հունոտի կիրճ արգելոցի Կատարոտ (Ջդրդուզ) հատված, որտեղ կկազմակերպվի մշակութաժամանցային ծրագիր»,- ավելացրել է Ա. Կապլանյանը և նշել, որ ծրագրին կարող են մասնակցել 16-30 տարեկան, ֆիզիկապես առողջ երիտասարդներ:
Մասնակցության համար ցանկացողները կարող են անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1eYWw69SFBnBwSa87FiKjy8HznGDzHoVL5qKSRNS3zDk/viewform?edit_requested=true :
Նշենք, որ ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվում են ներառյալ մինչև ապրիլի 25-ը: