ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այսօր «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում առկա իրավիճակին, կոչ է արել երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, հաղորդում է «Ազատություն»-ը:
«Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը. ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես և բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ»,- ասել է վարչապետը:
«Երկրորդը. ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը: Երրորդը. այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր և խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավոր ենք այդ հարթակը օգտագործել:
Չորրորդը. անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը»,- ասել է Կարապետյանը: