ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել 102 կոնգրեսականների կողմից ստորագրված նամակը, որով նրան կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին:
Կոնգրեսում հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի խոսքով, պետք է հաշվի առնել մարդու իրավունքների պաշտպանության գործում ԱՄՆ-ի առաջամարտիկ լինելը և 1915 թվականին կատարվածը այս տարի նախագահի ելույթում պատշաճ կերպով պետք է բնութագրել որպես ցեղասպանություն:
«Ավելի քանի 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, և ժամանակն է ճանաչել հայերի նկատմամբ իրականացրած վայրագությունները՝ հստակ կոչելով իրենց անունով՝ ցեղասպանություն: Դա կարող է լինել հզոր հայտարարություն նախագահ Թրամփի կողմից իր նախագահության առաջին փուլում` հիշելով 1.5 մլն հայերի, որոնք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերն էին»,-ասել է նա:
Նախագահ Թրամփին ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Անկեղծորեն և ճիշտ առաջնորդելով ցեղասպանության հիշատակման գործը` դուք պետք է հետևեք նախագահ Ռեյգանին, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թվականին, և Էյզենհաուերի վարչակազմին, որը արեց նույնը 1951 թվականին` գործը ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան»: