Եվրամիությունը մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը: Այս մասին ասված է այսօր՝ ապրիլի 22-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հրապարակած հայտարարությունում, հայտնում է NEWS.am-ը:
Դրանում, մասնավորապես, նշվում է. «ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը»:
Եվրոպական միությունը վերահաստատում է, որ «շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»: