Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի անունից՝ խոսնակի հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդգծելով երկխոսության կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:
Համաձայն հայտարարության՝ խաղաղ ճանապարհով և օրենքի համաձայն հավաքներ իրականացնելու ազատության իրավունքը համամարդկային և հիմնարար իրավունքներից է, և Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիակատար հարգանք կցուցաբերեն այդ իրավունքի նկատմամբ:
«Խիստ կարևոր է, որ բոլոր ներգրավված կողմերը ցուցաբերեն զսպվածություն և գործեն պատասխանատու կերպով: Կարևոր է համընդգրկուն երկխոսությունը, որի կոչն արել էր նախագահ Արմեն Սարգսյանը՝ ուղղված ստեղծված իրադրության անհապաղ և խաղաղ կարգավորմանը»,- նշված է հայտարարության մեջ՝ ընդգծելով, թե անհանգստացնող ու հուսահատեցնող է այն, որ ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպումը չկարողացավ կանխել դեպքերի հետագա էսկալացիան: