Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացում ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Իրականում համարում եմ, որ ավանդույթի, ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը ժամանակի մեջ իրարից սկսի տարբերակվել, քանի որ խորհրդարանական ընդդիմության հրաշքը հենց դրա մեջ է. այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացվածություն խորհրդարանում, ունի խնդիրները լուծելու այլ գործիքակազմ, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը և ստիպված է դիմել փողոցին»,- հայտարարեց Սարգսյանը:
Նա տեղի ունեցող գործընթացները համարեց որպես հերթական փորձաշրջան երկրի ժողովրդավարության կայացման համար:
Անդրադառնալով հարցին՝ կապված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձերբակալման հետ՝ նա կարևորեց, որ խափանման միջոցի և դրա հետ կապված իրավական ձևակերպումների վերաբերյալ հարցը պարզաբանվի իրավապահների կողմից:
«Երեկ պատշաճ տեղեկատվությունը տարածվել է: Պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ընթացակարգեր: Ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարարը: