Պրահա. երթ` ապրիլի 24-ինՊրահայում հայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ին կանցկացնեն երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Պրահայում լույս տեսնող հայկական «Օրեր» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:
«Հիմնական շեշտադրումը լինելու է պահանջատիրությունը, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև շնորհակալությունը Չեխիայի խորհրդարանի ստորին պալատին՝ Պատգամավորների պալատին, որ արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը», - ասել է Հակոբ Ասատրյանը:
Ապրիլքսանչորսյան միջոցառումերը կմեկնարկեն երեկոյան, Պրահայի խաչքարի մոտ կխոնարհվեն ծաղիկներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այնուհետև Պրահայի կենտրոնով կանցկացվի երթ դեպի Սուրբ Հոգի եկեղեցի, որտեղ կկատարվի եկեղեցական կարգ, կհնչեն ելույթներ: Միջոցառումների շրջանակում նախատեսված է Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի համերգը: