ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ միաբանական հանդիպում է տեղի ունեցել Անթիլիասի Մայրավանքում։
Վեհափառ Հայրապետը ընդհանուր գծերով պարզաբանեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Շեշտվեց, որ մեր եկեղեցին չի կարող անտարբեր մնալ, սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ մնալ՝ ի տես հայրենիքում կատարվող ներկա բողոքի ու ընդվզումի արտայայտություններին։ Հայրենիքը ժողովրդինն է. եկեղեցին ժողովրդինն է։ Հետևաբար, ժողովրդի իրավունքների պաշտպանությունը եկեղեցու կոչն է՝ միշտ օրենքի սահմաններում՝ ելնելով հայրենիքի գերագույն շահերից։
Ապրիլ 24-ի նախօրյակին, մեր Սուրբ Աթոռի միաբանությունը կարևորությամբ շեշտեց ապրիլ 24-ի նվիրականությունն ու խորհուրդը՝ անաղարտ պահելու հրամայականը՝ հատկապես հիշեցնելով, որ ապրիլի 24-ը սովորական օր չէ մեր ժողովրդի համար. մեր նահատակները հիշելու և նրանց սրբազան կտակը մեր զավակներին ու աշխարհին հիշեցնելու նվիրական օր է։ Աշխարհը մեզ է նայում։ Հետևաբար, բարձրագույն նախանձախնդրությամբ ու երկյուղածությամբ հարկ է ապրիլ 24-ի խորհուրդն ու ոգին հարգել ու արժևորել։
Հետևաբար, Վեհափառ Հայրապետն ու միաբանությունը կոչ արեցին մեր ժողովրդի սիրելի զավակներին ապրիլ 24-ին հեռու մնալ ներքին լարվածություն առաջացնող քայլերից և հարգել մեր նահատակների հիշատակն ու պատգամը։