ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Իրանի հավանական նոր միջուկային պայմանագրի հարցը, հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ Փարիզը հանդես է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման բանակցություններ սկսելու օգտին՝ չչեղարկելով նախկին համաձայնությունները:
Մակրոնի և Թրամփի համատեղ մամուլի ասուլիսում հասկանալի է դարձել, որ կողմերը հասել են փոխզիջման:
Մակրոնի խոսքով՝ նոր համաձայնագիրը կներառի չորս կետ. իրանական միջուկային ծրագրի արգելափակում մինչեւ 2025 թվականը, ամեն մի միջուկային ակտիվության ավելի երկարատև արգելք, Իրանի բալիստիկ ծրագրի դադարեցում և պայմանների ստեղծում տարածաշրջանի քաղաքական կայունության համար:
Մամուլի ասուլիսում Թրամփը վերստին ասել է, որ կցանկանար հեռանալ Սիրիայից: «Մենք գործնականում վերջ տվեցինք ԻՊ-ին, և շուտով շատ կարևոր որոշումներ կընդունենք»,- ասել է նախագահը՝ չճշտելով, թե ինչպիսի: