ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը խոստանում է չդադարեցնել պայքարը Սենատում, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ամբողջությամբ և պատշաճ կերպով չի ճանաչվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին սենատորը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ամեն տարի այս օրը մենք հարգում ենք 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր դաժանաբար սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Մեր բարոյական պարտականությունն է ամբողջապես ու պատշաճ կերպով ճանաչել ցեղասպանությունը, քանի որ չափազանց երկար ժամանակ ենք ապրել այդ պարտականությամբ: Հռոմի պապն իրավացիորեն Հայոց ցեղասպանությունն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ արդարացիորեն հայտարարելով, որ մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, ովքեր մահացան: Ես չեմ դադարի պայքարել ԱՄՆ սենատում մինչև մենք ամբողջությամբ չիրագործենք այդ պարտականությունը, որպեսզի մեկընդմիշտ հստակ և միանշանակ եզրահանգում կատարվի, որ մեր ազգը հանդուրժողականության և ազատության մոդել է ամբողջ աշխարհում», - ասված է հայտարարության մեջ: