Եվրամիությունը հավելյալ 3 միլիարդ եվրո կհատկացնի Թուրքիային առաջիկա երկու տարիների ընթացքում սիրիացի փախստականներին օգնելու համար: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք Թուրքիային կհատկացնենք հավելյալ 3 միլիարդ եվրո առաջիկա երկու տարիների համար», - ասել է նա:
Նրա խոսքով, սիրիացի փախստականներին և բնակիչներին օգնելու համար ԵՄ-ն ընդհանուր առմամբ արդեն հատկացրել է 11 միլիարդ եվրո: Մոգերինին ընդգծել է նաև, որ Եվրամիության և միջազգային հանրության կողմից հատկացված միջոցները ծառայում են իրենց նպատակին: