Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վարչապետի ընտրության մասին հանդես է եկել հայտարարությամբ: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-հայտարարել է նա:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի հիշյալ կետը սահմանում է հետևյալը. «140-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը»:
Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է ապրիլի 30-ին: