Մոսկվան հույս է հայտնել, որ իրավիճակը Հայաստանում մոտ ապագայում կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, հայտնում է ТАСС-ը:
«Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործ: Մենք հույս ունենք, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական ճանապարհով», - ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները:
Ինչ վերաբերում է բանակցություններին, որոնք Մոսկվայում նախատեսում է ունենալ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, Պեսկովը նշել է, որ դրանք լինելու են կառավարության և ԱԳՆ-ի գծով: «Հույս ունեմ, որ իմ գործընկերները ձեզ համապատասխան տեղեկատվության կտան», - նշել է Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը լայն կապեր ունեն, որոնց իրականացումը «պահանջում է այցերի և շփումների հաճախակի փոխանակումներ՝ հատկապես նման բարդ իրավիճակներում»:
Հարցին՝ արդյո՞ք Կրեմլում համարում են խաղաղ ցույցերը որպես կառուցողական բանակցությունների մաս, որոնց կոչ էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում՝ Պեսկովը հույս է հայտնել, որ ցուցարարների հետ կլինեն կառուցողական շփումներ, որոնք կհանգեցնեն փոխզիջման: