Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը: «Հայաստանի նախագահն ասում է՝ պատրաստ է կանգնել ոստիկանության և ցուցարարների միջև». այսպես է վերնագրել հոդվածը հեղինակավոր պարբերականը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Որպես «Տետրիս» համակարգչային խաղի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականներից մեկը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ նա քաղաքական հարցերում հաճախ դիմում է տրամաբանական մոդելների օգնությանը: Սակայն իր երկրի դրամատիկ հեղափոխության կամ ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավարական փոփոխության» հարցում շատ քիչ բան կար, որ նա կարող էր կանխատեսել մաթեմատիկայի միջոցով»,- գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով նախագահի խոսքերը. «Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են»:
Independent-ը նշում է, որ Հայաստանում 2018 թվականին խորհրդարանական կառավարման անցում կատարելուց հետո Արմեն Սարգսյանի ղեկավարած նախագահի գրասենյակը ըստ էության ոչ քաղաքական բնույթ ուներ: Լրատվամիջոցը նշում է, որ Միացյալ Թագավորությունում երկար տարիներ որպես ՀՀ դեսպան աշխատած Սարգսյանին անգամ տրվեց «Բրիտանական Թագուհի» կեղծանունը՝ հաշվի առնելով նրա արարողակարգային պարտականությունները: Սակայն Հայաստանում սկսված զարգացումների ժամանակ նախագահն անսպասելիորեն հայտնվեց կենտրոնական կետում՝ դառնալով կարևոր միջնորդ:
«Բարդ աշխատանք էր կողմերին մեկ տեղ բերելը: Ես արեցի բաներ, որոնք սովորաբար չեն ակնկալում նախագահից, օրինակ` գնացի դեպի ամբոխը: Անհնարին էր անել աշխատանքը պարզապես գրասենյակում նստելով», - պատմել է ՀՀ նախագահը:
«Մենք բոլորս սովորում ենք, և ես պատրաստ եմ նորից ներգրավվել, եթե իրերը սխալ ուղով ընթանան: Պատրաստ եմ կանգնել ոստիկանության ու ցուցարարների միջև, եթե անհրաժեշտ լինի», - ասել է ՀՀ նախագահը:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Արմեն Սարգսյանը նրան անվանել է «տաղանդավոր քաղաքական գործիչ»: «Սակայն կառավարությունը ղեկավարելը բացարձակապես տարբերվող մարտահրավեր է: Նա պետք է պատասխաններ տա բոլոր հարցերին, որոնք կհնչեցվեն: Եվ մարդիկ պետք է գիտակցեն, որ ամեն բան, ինչ նախկինում եղել է, սև չէր և վաղն ամեն բան սպիտակ չի լինելու», - նկատել է ՀՀ նախագահը: