Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պարտավորություններն ԱՄՆ-ն վաղուց չէր կատարում և կարելի է ասել՝ գործնականում դուրս էր եկել համաձայնագրից: NEWS.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Նա մասնավորապես նշել է. «Եվ այժմ Թրամփն արդեն պաշտոնապես է այդ մասին հայտարարում: Ըստ իս, սա շատ կոպիտ խախտում է և անհեռատես քաղաքականություն, որը վարում է ԱՄՆ-ն: Ամբողջ տարածաշրջանը կանգնած է անկանխատեսելի զարգացումների առջև: Կարծում եմ՝ տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ, ցավոք, ոչ խաղաղ բնույթի: Տարածաշրջանը հղի է նոր զարգացումներով»:
Կարեն Խանլարյանը նկատեց, որ Իրանը բավականին հավասարակշռված քայլերով փորձում է տարածաշրջանը տանել դեպի խաղաղություն, մինչդեռ կան երկրներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան և Թուրքիան, որոնք Իրանի այս դերի նկատմամբ ունեն թշնամական վերաբերմունք: Պատգամավորը կարծում է, որ այս իրավիճակից կօգտվեն այդ երկրները, քանի որ Միացյալ Նահանգների այս քայլը կսանձարձակի նրանց: