Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են անդամ-պետությունների ղեկավարները, Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:
Նիստին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրան նիստի մեկնարկին գործընկեր պետությունների ղեկավարներին ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նիստը մեկնարկել է ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարների համատեղ լուսանկարով, որից հետո սկսվել է նեղ կազմով հանդիպումը, դրան կհաջորդի լայն կազմով հանդիպումը։ Օրակարգում 12 հարց է։ Ռուսաստանը 2018-ին ԵԱՏՄ նախագահող երկիրն է։
Քննարկման առանցքում են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծմանն ուղղված ջանքերի ավելացումը, արտադրական կապերի ու կոոպերացիաների զարգացումը, ֆինանսական քաղաքականության մերձեցման կուրսը:
Բացի այդ, Կրեմլում առաջարկում են կառուցել նոր, արդյունավետ տրանսպորտային շղթաներ: Կողմերը պետք է նաև քննարկեն կազմակերպությունում դիտորդ-պետության կարգավիճակի մասին նախագծի հաստատումը: Տվյալ կարգավիճակը, ինչպես ակնկալվում է, Սոչիում տրվելու է Մոլդովայի Հանրապետությանը: Առաջնահերթություններից մեկն էլ համարվում է թվային օրակարգը: Ռուսաստանն առաջարկելու է միանգամից մի քանի նախագծեր համացանցային առևտրի և թվային միջանցքների ստեղծման ոլորտում:
Նիստի ընթացքում նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:
ՌԴ նախագահ Պուտինի անունից ի պատիվ ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարների կտրվի ոչ պաշտոնական ճաշ: