Անկարան որոշել է խորհրդակցությունների համար հետ կանչել Թել-Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ, որոնց արդյունքում զոհվել է 59 պաղեստինցի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Նա նշել է, որ Թուրքիան այդ կապակցությամբ հրավիրել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ և առաջարկում է նման նիստ հրավիրել նաև ՄԱԿ-ի Անվատանգության խորհրդում:
Բոզդաղը նաև նշել է, որ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության՝ Թուրքիայում կհայտարարվի եռօրյա սուգ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Իսրայելին անվանել էր ահաբեկչական պետություն, իսկ պաղեստինցիների նկատմամբ նրա գործողությունները՝ ցեղասպանություն: