Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Evrensel պարբերականը:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից կազմված պահանջագրում նշվում է, որ Փայլանը Կանադայի հայկական Horizon Weekly պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել և այն դեռ շարունակվում է»: Այս հայտարարության հետ կապված հայ օրենսդիրի դեմ բողոք է ներկայացրել թուրք պրոֆեսոր Այգյուն Աթարը: Բողոքին ընթացք է տրվել և սկսվել է հետաքննություն:
Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջագրում ասվում է, թե նա «հրապարակայնորեն նվաստացրել է Թուրքիայի Հանրապետությունն ու Թուրքիայի կառավարությունը, վիրավորել է հանրապետության նախագահին»:
Թուրքիայի քրեական օրենսգրքի 301րդ հոդվածը ենթադրում է քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր վիրավորում են թուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետական կառույցներին, զինծառայողներինև իրավապահներին:
Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը։