Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, երբ մայիսի 14-ին Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին բախումներ սկսվեցին իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև։ Վերջիններս բողոքի էին դուրս եկել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխության կապակցությամբ: Բախումների արդյունքում կան մի քանի տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ։
Միջազգային հանրությունը, կարծես, հակված չէ միջոցներ ձեռնարկել ինչպես իսրայելցի զինվորականների և պաղեստինցի ցուցարաների միջև բախումների, այնպես էլ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելուն ընդդիմանալու հարցում:
Վերոնշյալ իրադարձություններին սուր արձագանքեցին միայն Պաղեստինը, որն անմիջական շահագրգռվածություն ունի խնդրի հետ կապված, և Թուրքիան։
Մասնավորապես, նախագահ Էրդողանը Իսրայելի և ԱՄՆ-ի հասցեին սուր մեղադրանքներով հանդես եկավ՝ նշելով, որ «մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը նպաստելու փոխարեն ԱՄՆ-ը ավելի է նպաստում դրա սրմանը։ Ուստի Վաշինգտոնը չի կարող լինել միջնորդ այս հակամարտության կարգավորման գործում»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հավասարապես պատասխանատվություն են կրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համար։ Թուրքիայի առաջնորդն Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն», իսկ վերջինիս գործողությունները պաղեստինցիների նկատմամբ՝ «ցեղասպանություն»։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին Թուրքիային մեղադրել է «Համաս» ծայրահեղական խմբավորման աջակցելու մեջ և խնդրել իր համար դասեր չկարդալ։
Թուրքիայի հանրության շրջանում ևս դժգոհություններ են սկսվել․ ի պաշտպանություն Պաղեստինի՝ Ստամբուլի կենտրոնում ցույցեր են տեղի ունեցել դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Գազայի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Փոխադարձ մեղադրանքներին հետևել է դիվանագիտական հակամարտությունը․ Անկարայում Իսրայելի դեսպանին մայիսի 15-ին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն և խնդրել են լքել երկիրը։ Թուրքիան Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսից ևս պահանջել է հեռանալ։ Փոխադարձաբար Իսրայելի ԱԳՆ-ում պահանջել են, որ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը։
Դիվանագիտական առճակատմանն է միացել նաև Պաղեստինը, որն ի պատասխան ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու՝ հետ է կանչել Վաշինգտոնում իր դեսպանին։ Պաղեստինյան իշխանությունները խնիրը կարգավորելու համար դիտարկում են տարբեր հնարավորություններ․ հետ կանչել Պաղեստինի կողմից Իսրայելի ճանաչումը, ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կզբաղվի իսրայելցի զինվորականների կողմից ցուցարարների սպանությունների հետաքննությամբ և այլն:
Այսպիսով, ԱՄՆ-ը իր որոշումով փոխել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում առկա ստատուս քվոն, ինչը կարող է լրջորեն խոչընդոտել կարգավորման գործընթացին հատկապես այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակին սկսեն խառնվել նաև տարածաշրջանային այլ ուժեր։