Վրացի գործարար Թեմուր Չկոնիան, որն արդեն վաղուց է փորձում Երևանում McDonald's բացել, արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտասահմանյան ներդրումների մասին կոչին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Փաշինյանը բազմաթիվ անգամ ասել է, որ ներդրումների արագ ներհոսքի հույս ունի, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։
«Հուսով եմ, որ արտասահմանյան ներդրումներ ասելով` վարչապետը նկատի ուներ նաև վրացի գործարարներին։ Պատրաստ եմ Թբիլիսիում կամ Երևանում հանդիպել վարչապետի հետ և քննարկել ներդրումների, մասնավորապես Հայաստանում McDonald's բացելու հարցը»,- ասել է Չկոնիան։
Չկոնիան ավելի վաղ ասել էր, որ Երևանում McDonald's-ի առաջին կետի բացման հարցը պետք է լուծվեր Հայաստանի նախագահական ընտրություններից հետո (2018 թվականի մարտ)։
Նախորդ կառավարությունը հավանություն էր տվել վրացի գործարարի նախաձեռնությանը, բայց քննարկման թեմա էր դարձել տեղի ընտրությունը։ Չկոնիան ուզում էր առաջին McDonald's-ը բացել Երևանի կենտրոնում, Հանրապետության հրապարակի մոտ։ Սակայն այս նախաձեռնությունը դուր չէր գալիս ՀՀ քաղաքացիներին։
Ընտրություններից հետո գործարարը պետք է McDonald's-ի բիզնես պլանն ու ամբողջական կոնցեպտը ներկայացներ, որում կլինեին բոլոր հարցերի պատասխանները` տնտեսական արդյունքներ, արագ սննդի կետերի քանակ, աշխատատեղերի թիվ։
Նա հույս ունի, որ արագ սննդի կետն ամեն դեպքում մինչև տարեվերջ կբացվի։