Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է` ուղղված Թուրքիայի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ Նոյեմի Նալբանդյանը՝ նշելով, որ հայ համայնքն այդ կապակցությամբ ոգևորված չէ:
«Գազայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված` վերջին օրերին Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվել են: Քանի որ Թուրքիան դեմ է արտահայտվում Իսրայելի գործողություններին և սուր քննադատում է, հետևաբար Իսրայելն էլ, որպես քաղաքական քայլ, շրջանառության մեջ դրեց Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Դա մեզ չի ուրախացնում, Հայոց ցեղասպանության հարցը դարձել է խաղաթուղթ, մենք ուզում ենք այն ճանաչվի, որովհետև Թուրքիան մարդկության դեմ հանցագործություն է կատարել, այլ ոչ թե օրակարգ բերվի քաղաքական այս կամ այն շահով պայմանավորված», - ասել է Նոյեմի Նալբանդյանը՝ հիշեցնելով, որ մոտ 3 ամիս առաջ Կնեսետի պատգամավորներից մեկն այս հարցը բերել էր խորհրդարանի օրակարգ, սակայն այն չանցավ: