Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:
Շնորհավորելով նախարար Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Սահակյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնել ԱԳՆ ղեկավարին և հաջողություն մաղթել նրան իր պատասխանատու առաքելության մեջ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հստակ էր, որ առաջին այցելությունը պետք է լիներ Արցախ, ուր պետք է ստանալ անհրաժեշտ լիցքերը։
«Արցախը կարևորագույն նշանակություն ունի ամբողջ հայության համար. այն մեր ինքնության կաևորագույն սյուներից մեկն է։ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը», - շեշտել է նախարար Մնացականյանը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած քննարկումները, եռանախագահների հետ առաջիկայում ծրագրվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքները։
Արցախի նախագահը կարևորել է Ստեփանակերտի և Երևանի միջև խորհրդակցությունների ու հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և համատեղ քայլերը: