Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հարգման պայմաններում»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Անդրադառնալով համանախագահների՝ ՀՀ իշխանությունների հետ հունիսին նախատեսված հանդիպմանը, Տիգրան Բալայանը նշեց, որ դեռևս օրվա հետ կապված հստակեցում չկա: «Ժամկետները ճշտվում են: Հստակ պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,- ավելացրեց խոսնակը: