Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Եվրոպական Միության անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, հարց ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց, որ Հայաստանը վավերացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը և հունիսի 1-ից համաձայնագրի անցումային որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու:
«Ակնհայտ է, որ համաձայնագիրը պետք է կյանքի կոչել: Ի՞նչ է արել կառավարությունը, որպեսզի հունիսի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագրի իրականացումը պլանավորվի և կյանքի կոչվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց Աշոտյանը:
ՀՀ վարչապետը պատասխանեց, որ ԵՄ գործընկերների հետ հանդիպման ընթացքում այդ հարցը միշտ պահում են ուշադրության կենտրոնում: «Երկու օր առաջ այդ հարցը քննարկվել է նաև Կիպրոսի Սենատի նախագահի հետ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ ԵՄ գործընկերները հնարավորինս արագ այդ փաստաթուղթը կվավերացնեն»,- ասաց Փաշինյանը: