Մայիսի 25-ին Հայաստանի դպրոցներում հնչում է վերջին զանգը: Շրջանավարտների թիվն այս տարի 9 600 է, իսկ 31․300 աշակերտ ավարտում է 9-րդ դասարանը։
Արցախում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին, քանի որ կրթական հաստատություններն Արցախում վեցօրյա են: Արցախի կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը տեղեկացրել է, որ Արցախում 9-րդ դասարանը կավարտի 1․885, 12-րդ դասարանը` 787 շրջանավարտ:
Երևանի Ազատության հրապարակում ավանդույթի համաձայն քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին «Վերջին զանգ»-ին նվիրված ուրախ տոնական համերգային ծրագիր է նախաձեռնել, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները, փոխանցում է «Արմենպրես»-ը
Միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից: