Գործարար և բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ Հայաստանում շարունակելու է բարեգործական ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Դիլիջանում լրագրողների հետ զրույցում Ռուբեն Վարդանյանը նշել է, որ անկախ իշխանությունների փոփոխությունից, ինքը շարունակելու է իր գործունեությունը: «Արել ենք, անում ենք և շարունակելու ենք անել մեր գործը, անկախ նրանից, թե ովքեր են իշխանությունում: Կոնկրետ մեր գործի հետ կապված ոչինչ չի փոխվել», - ասել է Ռուբեն Վարդանյանը:
Ինչ վերաբերում է երկրում իրավիճակային փոփոխությանը, ապա Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ Հայաստանում մթնոլորտ է փոխվել, երիտասարդությունը ժպտում է: «Երիտասարդությունը հավատաց, որ կարող է իրավիճակի վրա ազդել, փոփոխություն կատարել: Մեր նպատակն է աշխատել, այնպիսի պայմաններ ստեղծել, որ երեխաները մնան Հայաստանում ու երջանիկ լինեն», - ասել է Ռուբեն Վարդանյանը: