Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական պատասխանատու, բարձրաստիճան մարդն եմ, որ այցելում է նոր Հայաստան ու հանդիպումներ է ունենալու Հայաստանի նոր կառավարության հետ, այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը: Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, հաղորդում է «Այսօր»-ը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ իրենք մեծ ոգևորությամբ են սպասում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը չափազանց կարևոր է երկու երկրների համար էլ։
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ նախարարը նշել է.
«Ֆրանիսան վճռական է շարունակելու իր դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ, մենք լիովի համամիտ ենք այս հարցում՝ ոչ ստատուս քվոն, ոչ ուժի կիրառումն ընդունելի չեն, պետք է մոտենալ պրագմատիկ ու ավելի կրեատիվ ձևով։
Ես մշտապես իրազեկվում եմ դեպքերի վերաբերյալ, և մենք կպաշտանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ այս հարցի լուծման ուղղությամբ ու կհաստատի խաղաղություն ու կայունություն», - ասել է Ժան Իվ Լը Դրիանը։