Արցախի ԱԺ նախագահը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է Արա Բաբլոյանին.
«Մեծարգո պարոն Բաբլոյան,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեր գործընկերներին մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:
Մեկ դար առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայ ժողովուրդը հերոսաբար տեր կանգնեց իր ապագային, որն ազդարարվեց մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ: Վերածնված պետականություն, որ մարմնավորել է հազարամյա ազգի իղձերն ու նպատակները` ազգային միասնությամբ վերադարձնելու սեփական անկախ հայրենիքում ապրելու և զարգանալու դարերով կորսված իրավունքը:
Մայիսյան հերոսամարտերում թրծված հայ ոգին ազատության ճանապարհից չշեղվելու իր վճռականությունը վերահաստատեց նույն դարավերջին հայկական երկու հանրապետությունների հռչակմամբ, Արցախյան ազատամարտում տարած հաղթանակով և հայոց հաղթանակած բանակի կազմավորմամբ:
Փառապանծ այս տոներին վերստին շնորհավորելով հայոց պետականության վերածննդի առթիվ՝ մաղթում եմ տոկուն կամք ու արդյունավետ ջանքեր` հանուն մայր հայրենիքի և Արցախի զորացման ու համայն հայության բարօրության»: