ՀՀ սահմանի նախիջևանյան հատվածում մարտական հերթապահությունը և կատարվող աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, իսկ համացանցում նշված հատվածներում կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ զինված ուժերը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքներն ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումներն ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը: