Վրաստանը և Հայաստանը միմյանց հետ կապված են բազմադարյա բարեկամական և բարիդրացիական կապերով, ինչն արտացոլվում է գործընկերային համագործակցության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Կվիրիկաշվիլին նշել է որ Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր է Վրաստանի համար: «Մենք մեծ ուշադրությամբ հետևում էինք բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներում զարգացող իրադարձություններին, երբ հայ ժողովուրդը ողջ աշխարհին ցույց տվեց միասնականության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հավատարմության վառ օրինակ: Ես շնորհավորում եմ իմ թանկագին հյուրին Հայաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նա շեշտել է, որ ևս մեկ անգամ վերահաստատում է Վրաստանի կառավարության և անձամբ իր պատրաստակամությունը Հայաստանի հետ համագործակցության խորացմանն ուղղված արդյունավետ աշխատանք տանելու վերաբերյալ:
Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում մեծ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային մարտահրավերներին և ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը:
«Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Վրաստանի հարավային շրջաններ, որտեղ հանդիպում կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի՝ ազգությամբ հայ բնակչությունը ակտիվորեն ներգրավված է երկրի զարգացման գործում, ինչը վկայում է բազմազգ Վրաստանի միասնության մասին: Մեր բնակչությունը՝ անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է մեկ նպատակի՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը»,- եզրափակել է իր խոսքը Վրաստանի վարչապետը՝ ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնելով ապագա համագործակցության համար: