ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտնում է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն այժմ ճշգրտվում է: «Հանդիպումների բովանդակության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասաց նա:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համանախագահների կողմից նոր առաջարկություններին, Տիգրան Բալայանն ասաց, որ դեռևս նման տեղեկություններ չկան:
«Կան առաջարկություններ համանախագահների կողմից, որոնց հիմնական դրույթներն արձանագրված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները: Համանախագահների կողմից Երևանում ներկայացվելիք նոր մոտեցումների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել»,-ասաց Բալայանը: