ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին հունիսի 5-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից։
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահը Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կաևորում են Ճապոնիայի հետ ձևավորված բարեկամական, գործընկերային հարաբերությունները եւ բազմաթիվ ոլորտներում ծավալված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը:
Դեսպան Ջուն Յամադան Արմեն Սարգսյանին է փոխանցել իր երկրի ղեկավարության ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկու երկրների միջև կապերի զարգացմանը:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը և դեսպան Յամադան քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը: