Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին հանդիպել է Կատարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահ Ահմեդ Բեն Աբդոլահ Բեն ալ Մահմուդի հետ:
ՀՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի, ինչպես նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի կարևորել է նման շփումների ու հանդիպումների անհրաժեշտությունը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում հետևում են Կատարի Պետությունում տեղի ունեցող իրադարձություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների քաղաքական ու առևտրատնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են. դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զբոսաշրջության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Կատարի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:
Կատարի խորհրդարանի նախագահն իր հերթին երկկողմ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը փոխադարձ այցով միմյանց հրավիրել են իրենց երկրներ: