Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորների ազատ արձակումից հետո երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Թուրքիայի կառավարության խոսնակ ու փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը թուրք զինվորներին ազատ արձակելուց հետո հայտարարություն էր արել՝ ասելով. «Ինչ ուզում է, թող անեն: Հեղաշրջման փորձին մասնակցած այդ գյուլենական զինվորներին գտնելն ու նրանց Թուրքիա վերադարձնելը մեր պարտքն է: Ուր էլ որ գնան, հետապնդելու ենք նրանց ու, ի վերջո, բռնենք»:
Թուրքիայի կառավարության ներկայացուցչի այս խոսքերին պաշտոնական Աթենքը խիստ պատասխան է տվել: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասը հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի թուրքական կողմի նման պահվածքը: «Թուրքիան շատ լավ գիտի, որ Հունաստանն այն երկիրը չէ, որի հետ նման խաղեր կարող է խաղալ: Թուրքիան չի կարող գալ Հունաստան որևէ մեկին այստեղից տանելու համար. ոչ երկիրն ունի նման իրավունք, ոչ էլ մենք նման բան թույլ կտանք», - ասել է նա:
Իսկ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը Բոզդաղի խոսքը որակել է որպես «ՆԱՏՕ-ի գործընկեր մի երկրի կողմից մյուս երկրում անօրինական ռազմական գործողություն սկսելու մասին հայտարարություն»: Նա տեղեկացրել է, որ թուրքական կողմի այդ հայտարարությունների առնչությամբ քայլեր կձեռնարկի Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում: