Զինված ուժերը պետք է գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից։ Զինված ուժերի անձնակազմը՝ շարքայինից մինչև գեներալ, պետք է հնարավորություն ունենա որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի ընտրություններում իր կամքը արտահայտել առանց ապօրինի ներգործությունների։ Այս մասին ասված է նոր կառավարության ծրագրում, որը հունիսի 7-ին ԱԺ–ում ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է NEWS.am-ը:
Ծրագրում նշվում է նաև, որ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով համալրվածությամբ, ռազմական կառավարման արդիական համակարգերի ներդրմամբ, ինչպես նաև անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ բարձրացնել ՀՀ Զինված ուժերի մարտունակության մակարդակը։
Ծրագրում շեշտվում է, որ պետք է ժամկետային զինծառայողների պատշաճ և ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։