Թուրքիայի ԱԳ նախարարը կոչ է արել Եվրոպային չմոռանալ «Ղրիմի բռնակցման» մասին

11:13     8 հունիսի, 2018

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատել է եվրոպական երկրներին, որոնք, իր կարծիքով, «սկսել են մոռանալ Ղրիմի մասին» և կրկին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք չենք մոռացել Ղրիմի մասին և երբեք չենք մոռանա, դրա բռնակցումը չենք ճանաչել և չենք ճանաչի… Եվրոպայի որոշ երկրներ սկսել են մոռանալ Ղրիմի մասին: Մենք նրանց հիշեցնում ենք. եթե դուք այսօր մոռանաք Ղրիմի մասին, և եթե վաղն Ուկրաինայի հետ որևէ բան պատահի, դուք դրա համար պատասխանատվություն եք կրելու», - հայտարարել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Չավուշօղլուն նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի և Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ղրիմաթաթարական ժողովրդի մեջլիս» կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Մուստաֆա Ջեմիլյովի ներկայությամբ, ովքեր մասնակցում են ղրիմաթաթարական ժողովրդի տեղահանության 74-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:


© armedia.am