Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները չունեն աշխարհաքաղաքական երանգ։ Այս մասին Коммерсант-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի փորձագիտական դաշտից հնչած գնահատականներին, հատկապես Միխայիլ Լեոնտևի հնչեցրած հայտարարություններին, նախարարը նշել է, որ գուցե պետք չէ դրա վրա զարմանալ, բայց, այդուհանդերձ, դա ցավոտ էր: Նախարարը տեղեկացրել է, որ հայկական կողմը կշարունակի օգնել փորձագիտական հանրությանն ավելի հստակ տեսնելու այն, ինչ տեղի է ունեցել հայ հասարակության շրջանում:
«Դա խորապես ներքին քաղաքական հարց էր, որը չունի որևէ աշխարհաքաղաքական երանգ: Դա ավելի քան հստակ ասված էր և ներկայացված: Եթե փորձագիտական հանրությունը դա դեռ չի ընկալել, ապա ժամանակն անպայման դա ցույց կտա, և փորձագետները կկարողանան իրավիճակն ընկալել ավելի հստակ: Թեպետ մենք արել ենք ամեն ինչ, որ այդ ընկալումը լինի արագ»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ միգուցե գայթակղիչ է անցկացնել զուգահեռներ այլ իրավիճակների միջև, և միգուցե հենց դրանում է կայանում փորձագիտական հանրության աշխատանքը: «Բայց մեկ անգամ ևս ընդգծում եմ՝ այն ինչ կատարվել է Հայաստանում, խորապես ներհայաստանյան գործընթաց էր՝ առանց աշխարհաքաղաքական երանգների»,- հավելել է ԱԳՆ ղեկավարը:
Նախարարը նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը ոչ միայն արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով է, այլև երկու երկրների նախագահների և վարչապետների մակարդակով:
«Մենք շատ հստակ ենք եղել մեր ձևակերպումներում. Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում կայունությունը և հետևողականությունը մնում է անփոփոխ, այդ կուրսում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ ընդգծված տեղ: Մենք մեր հարաբերություններում առաջ ենք շարժվում այդ ձևակերպման հիման վրա»,- ասել է Մնացականյանը։