Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ ժողովրդից ներողություն խնդրեց նախորդ տարիներին իրենց չարածների համար և նոր իշխանություններին մաղթեց, որ կարողանան ժողովրդի համար անել ավելին, քան արել է նախորդ իշխանությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում Շարմազանովն ընդգծեց, որ իրենք ունեցել են բազմաթիվ սխալներ, թերություններ ու մեղքեր, որոնց համար, գուցե, կրել են քաղաքական պատասխանատվություն: «Եվ եթե անհրաժեշտություն կա, մենք մեր ժողովրդին կարող ենք ասել, որ ներողություն ենք խնդրում այն բոլոր չարածի համար, որ պետք է անեինք այս տարիների ընթացքում և մեր նոր իշխանության գործընկերներին մաղթում ենք, որ կարողանան ավելին անել, քան մենք արել ենք: Ներողություն, եթե չենք կարողացել արդարացնել ձեր սպասելիքները, սակայն մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Նա շեշտեց, որ Հայաստանի քաղաքական կյանքի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական բաղադրիչը բավականին հագեցած է: «Թռիչքային զարգացումը, կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարը շարունակում է մնալ կարևոր մեր երկրի համար: Բայց իմ կարծիքով անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են ամենաառաջնայինն ու գլխավորը հայաստանյան հասարակության համար: Նախկինում ես այս ամբիոնից խոսել եմ 5 կարևոր մարտահրավերների մասին: Եվ այդ մարտահրավերների մեջ, թե պաշտպանության ու անվտանգության, թե արցախյան հարցի հայանպաստ ու խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է գլխավոր մարտահրավերներից մեկը»,- ասաց նա: