Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դարձել Է պատմության մեջ ընտրված աշխարհի առաջին ղեկավարը, որը գնացել Է դեկրետային արձակուրդ: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Time»-ին:
Նոր Զելանդիայի կառավարության 37-ամյա ղեկավարն ուղևորվել է տուն՝ Օքլենդ, որպեսզի նախապատրաստվի իր առաջին ծննդաբերությանը, որը, բժիշկների կանխատեսմամբ, սպասվում է հունիսի 17-ին: Դրանից հետո նա վեց ամսով արձակուրդ կգնա երեխային խնամելու համար:
Արդեռնն իր հղիության մասին հայտարարել էր հունվարին: «Ես միաժամանակ աշխատող և երեխա դաստիարակող առաջին կինը չեմ: Ես հասկանում եմ, որ իմ իրավիճակն առանձնահատուկ է, սակայն ես գիտեմ, որ ինձանից առաջ բազմաթիվ կանանց հաջողվել է աշխատանքը և մայրությունը համատեղել»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես ընդամենը հղի եմ, այլ ոչ թե գործունակությունս եմ կորցրել»,- հավելել է նա: