Հունաստանում Ալեքսիս Ցիպրասի գլխավորած կառավարությունը կշարունակի պաշտոնավարել։ Շաբաթ երեկոյան Հունաստանի խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում կառավարությանն անվստահություն հայտնելու ընդդիմության փորձը տապալվել է։
Անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 300 պատգամավորներից 127-ը՝ անհրաժեշտ 151-ի փոխարեն։ Դեմ է քվեարկել 153 պատգամավոր։ Հունաստանի կոմունիստական կուսակցությունը հրաժարվել է քվեարկել։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, քվեարկության արդյունքներն իսկզբանե կանխատեսելի էին, քանի որ Ցիպրասի կառավարությունը վայելում է 154 պատգամավորների աջակցությունը, իսկ ընդդիմությունը չունի բավարար ձայներ կառավարությանը պաշտոնանկ անելու համար։
Ընդդիմությունը նման գործընթաց է սկսել հինգշաբթի օրը՝ կապված Մակեդոնիայի վերանվանման շուրջ Հունաստանի և Մակեդոնիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ։