Բրիտանական հայտնի The Daily Mail պարբերականն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիների ազատ արձակմանը` անվանելով այն «փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց»:
Նշենք, որ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող արջերին:
Տեսանյութը նկարահանող անձը նշում է, որ առաջին հայացքից թվում է, թե արջը պետք է 5-6 տարեկան լինի, սակայն, կենդանուն զննելուց հետո պարզվում է, որ վերջինս ավելի մեծ է. պարզապես փոքր է երևում:
«Կենդանու վատ սնվելն է թերևս պատճառը»,- գրում է պարբերականը:
Նշենք, որ հունիսի 18-ին FPWC-ի վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) արագ արձագանքման խումբը Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի հետ միասին մեկնել է Էջմիածին` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում իրավիճակը գնահատելու և կենդանիների հետագա ճակատագրի հարցը պարզելու նպատակով: