Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև մեկնարկել է առևտրային պատերազմը, որի վտանգը զգացվում էր տարիներ շարունակ:
Ամեն ինչ սկսվեց ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի որդեգրած խիստ հովանավորչական քաղաքականությունից, որի թիրախում ի սկզբանե եղել է Չինաստանը՝ որպես ԱՄՆ առևտրային գլխավոր մրցակից: Ընթացիկ տարվա հունիսի 15-ին տարեկան ավելի քան 50 մլրդ դոլար արժողության ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանելով 25% մաքսատուրք՝ Թրամփն իր քայլը հիմնավորեց «չինական իշխանությունների կողմից ամերիկյան նորագույն տեխնոլոգիաները գողանալով»: Եվ չնայած հնչող կոնկրետ մեղադրանքներին` ամերիկյան ներկայիս իշխանությունների նման դիրքորոշումն ավելի հեռվից է գալիս:
Ըստ էության, Թրամփն իրականացնում է նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումները, որոնց առանցքում Ամերիկայի և ամերիկացու շահի գերակա դերի գաղափարախոսությունն է: Ընտրվելուց հետո նույն տրամաբանության ներքո էր ԱՄՆ սահմաններից դուրս ամերիկյան ընկերությունների նկատմամբ հարկային հատուկ քաղաքականությունը, որի նպատակն էր վերջիններիս գործունեությունը կենտրոնացնել հայրենիքում: Մինչդեռ Ամերիկայի շահի գերակայության քաղաքականության լիարժեք իրականցման ամենաակնհայտ խոչընդոտներից է հայրենական արտադրության թանկարժեք լինելը, ինչի արդյունքում ներկրվող ապրանքներն ավելի մրցունակ են: Այս համատեքստում, որպես առևտրային ամենամեծ գործընկեր, մեծ վտանգ է ներկայացնում Չինաստանը: Այսինքն` պետք է ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում կա՛մ չինական ապրանքները չեն հայտնվի ամերիկյան շուկայում, կա՛մ դրանք կլինեն ոչ մրցունակ: Առաջինի իրականացումը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով առևտրային մի շարք կոնվենցիաներն ու պարտականությունները, որոնք ունի ԱՄՆ: Ինչ վերաբերում է չինական ապրանքների մրցունակության հիմնական պատճառ հանդիսացող ցածր գնի խնդրին, վերոնշյալ որոշումը շատ արդյունավետ գործիք է:
Չինական ապրանքների ներկրման նկատմամբ ավելացված մաքսատուրքերը վնասելու են երկու երկրներին էլ, քանի որ ամերիկյան շուկայում չինական ապրանքների դեֆիցիտը լրացվելու է տեղական արտադրության ապրանքներով, որոնք զգալիորեն թանկ կարժենան: Այսինքն` երկրում սպասվելու է ինֆլյացիայի բարձր մակարդակ: Մյուս կողմից, Չինաստանն իր հերթին պատասխան գործողությունների է դիմել՝ ամերիկյան մի շարք ապրանքատեսակների նկատմամբ սահմանելով ներկրման բարձր մաքսատուրքեր:
Եվ չնայած դրան` երկու երկրներն էլ առայժմ առաջնորդվում են դեմպինգային քաղաքականության սկզբունքով՝ իրավիճակին հաղորդելով նորանոր զարգացումներ: