«Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի ստորագրման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մրգային երկու կոնֆետ է նետել: Այս մասին CBS հեռուստաալիքին հայտնել է ամերիկացի քաղաքագետ և վերլուծաբան Իեն Բրեմերը:
Նրա խոսքերով՝ Մերկելը և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն փորձել են համոզել Թրամփին ստորագրել փաստաթուղթը: Թրամփին դուր չի եկել, որ բոլորը համախմբվել են իր դեմ: «Վերջիվերջո նա համաձայնել է՝ ասելով, որ կստորագրի: Այդ պահին նա կանգնել է և ձեռքը տարել պիջակի գրպանը, այնտեղից երկու Starburst կոնֆետ է հանել ու նետել սեղանի վրա՝ ասելով. «Ահա Անգելա: Ու չասես, որ ես երբեք քեզ ոչինչ չեմ տվել»», - պատմել է Բրեմերը: