Հուլիսի 11-ին Հայաստանում արդեն երրորդ անգամ տեղի կունենա շոկոլադի ամենամյա Choco Fest փառատոնը: Էքսպո-փառատոնը շոկոլադի սիրահարների համար կազմակերպում է երևանյան The LOFT զարգացման կենտրոնը:
Փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացող հայաստանյան արտադրողներն ու ներմուծողները: Ինչպես PanARMENIAN.Net -ին են հայտնել միջոցառման կազմակերպիչները, փառատոնին կմասնակցեն շոկոլադ արտադրող մոտ 10-12 հայկական ընկերություն:
Փառատոնի ընթացքում մասնակիցները կկարողանան տեղական արտադրության շոկոլադ փորձել և գնել, իսկ հատուկ ChocoLab «լաբորատորիայում» ինքնուրույն շոկոլադ պատրաստել: Միջոցառման ընթացքում կանցկացվի շոկոլադային խոհարարական մաստեր կլաս, հյուրերը հնարավորություն կունենան փորձելու յուրահատուկ սուրճ, լինելու է նաև ձեռքով պատրաստված նկարազարդ շոկոլադ:
Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին ներկայացնել իրենց արտադրած շոկոլադը լայն հանրությանը, ավելացնել սպառողների քանակը, գովազդել ընկերությունը, ինչպես նաև ծանոթանալ մրցակիցների հետ: