Հունիսի 28-30-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին, հայտնում է panorama.am-ը:
Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ավելի քան 70 զեկուցում հայագիտության տարբեր ուղղություններով՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ, փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն և այլն: Միջազգային գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու նաև արտասահմանյան (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) հեղինակավոր գիտնականներ: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Հունիսի 28-ին՝ գիտաժողովի բացման արարողությունից անմիջապես հետո, կկայանա Լևոն Խաչիկյան ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցադրության բացումը:
Գիտաժողովի ավարտին (հունիսի 30) տեղի կունենա գրքերի շնորհանդես։