Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ռազմական հռետորաբանությունն ու սուր ճոճելը անտեղի են, ցավալի է, եթե ոչ անհեթեթ: Ներքին օգտագործման համար նախատեսված լեզուն և բանակցային լեզուն անհամապատասխանություն ունեն: Բանակցային սեղանի շուրջ անհրաժեշտ է ավելի պատասխանատու և խելամիտ կողմ լինի»,- գրել է նա:
Ինչպես փոխանցում է News.am-ը` այսօր՝ հունիսի 26-ին, Ադրբեջանի Զինված ուժերի կազմավորման 100-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «հակառակորդը պետք է հասկանա` չկա որևէ ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չկարողանա ոչնչացնել»: Նրա խոսքով, «Հայաստանը չի կարող և չի կարողանա մրցակցել մեզ հետ, մենք ունենք ռազմական ու տնտեսական ներուժ»: