Մի քանի հստակեցում ռուս հասարակական գործիչների` Լելե Թեփե այցելության վերաբերյալ
Ռուս փորձագետների, հասարակական գործիչների և ՌԴ Պետդումայի պատգամավորի այցելությունը 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գրավված Լելե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր տարատեսակ մեկնաբանություններ է ստացել: Ընդգծելով այդ քայլի բավականին մտահոգիչ լինելը` անհրաժեշտ է մի քանի հստակեցումներ անել: Այսպես`
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում բացառապես դրական ազդակներ է տվել, իսկ եթե ինչ-որ հարցերում որոշակի անվստահություն կա Հայաստանի լեգիտիմ ընտրված վարչապետի նկատմամբ, ապա դրանք պետք է պարզաբանվեն բացառապես դիվանագիտական խողովակներով:
Լելե Թեփե այցելած անձանց քայլը, իհարկե, աղետալի է` հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, սակայն պետք է նկատել, որ այն որևէ կերպ չի կարող դիտարկվել որպես Ռուսաստանի իշխանությունների գործողություն, կամ ռուս ժողովրդի վերաբերմունք:
Տեղի ունեցողը մտածելու տեղիք է տալիս ինչպես մեր անվտանգության, այնպես էլ դիվանագիտական կորպուսի աշխատանքի վերաբերյալ` հաշվի առնելով, որ Լելե Թեփե բարձրացած խմբի կազմում եղել է նաև Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր:
Հ.Գ. Լելե Թեփե այցելած անձինք պետք է հստակ գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում պատերազմական գործողությունների հավանական վերսկսման համար, քանի որ իրենց այդ քայլով նրանք լեգիտիմացնում են Ադրբեջանի ապրիլյան արկածախնդրությունը, որը հարյուրավոր կյանքեր է խլել: